Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վինսենտ Բիրուտային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Վինսենտ Բիրուտային և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Ռուանդա համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում և ակնկալիք հայտնել, որ այն կխթանի նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ շփումները՝ վերջինիս Հայաստան այցի, ինչպես նաև Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում և վերահաստատել գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը:

Վինսենտ Բիրուտան շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա արդյունավետ է գնահատել ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ քննարկումները և նշել, որ Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՖՄԿ շրջանակում փոխգործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Այս առումով հետաքրքրական է համարվել զբոսաշրջության ոլորտը:

Վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին:

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում