ՌԴ փոխվարչապետի և «Ռուսական երկաթուղիների» տնօրենի այցը նվիրված էր Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցմանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց, որ աշխատանքային այցով Հայաստանում էին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելազյորովը: Նրանք հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Քննարկման առանցքում եղել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման և երկաթուղու կառուցման հարցը:

«Շատ կարևոր առանձնահատկություն ունի այս այցը: Մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները: Երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին: Այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք, և երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հիմա քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման ու շինարարության մեկնարկի, ֆինանսավորման հարցերը:

«Որևէ դեպքում իրադարձություններից առաջ անցնել պետք չէ, բայց այս դինամիկայով շարունակվելու պարագայում կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական: Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան