Մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել: 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագրին» քվեարկել է 688 հազար 761 ՀՀ քաղաքացի, 2026-ին մեզ քվեարկել է 727 հազար 160 քաղաքացի, այսինքն՝ 38 հազար 399 ձայնով ավելի: Դա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի ուժեղ մանդատ է ստացել, և 2026 թվականին ավելի մեծ ժողովրդականություն ունի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Անդրադառնալով քվեարկության արդյունքներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քվեարկությունից հետո՝ ժամեր անց, ընտրությունների արդյունքը հրապարակելուն, Պապոյանը նշեց. «Ինչ քվեարկվել է, նույնկերպ պահպանվել է: Եթե որևէ մեկը կասկածում է, կարող է գնալ, ցանկացած տեղ բողոքարկել և հաշվել: Դե կտեսնեք դրա արդյունքում, օրինակ, «Քաղաքացիական պայմանագրի» ձայները կավելանա՞ն, թե՞ չէ: Իմ կարծիքով՝ կավելանան»:
Գևորգ Պապոյանը նաև հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատը բավարար է, որպեսզի «պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարությունը երկար տարիներ անցկացնի բանտում»:
«Մենք չէիք գնացել հաղթելու, որ, օրինակ՝ իրականացնենք տնտեսական այս քաղաքականությունը: Մենք գնացել էինք հաղթելու, որովհետև եթե մենք չհաղթեինք, լինելու էին պատերազմ, անկախության կորուստ: Պետությունը փրկելու հարց էր»,- ասաց նա: