ՊԵԿ-ը կանխել է մարիխուանա և կոկաին թմրամիջոցների ներմուծման փորձը

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14-րդ բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ: ԻԻՀ հաշվառման «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի մաքսային հսկողության, այդ թվում՝ ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ տրանսպորտային միջոցում հնարավոր է առկա լինի գաղտնարան։ Միաժամանակ, մաքսային մարմիններին կասկածելի է թվացել նաև հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդի վարքագիծը։

«ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա մաքսային հսկողության շրջանակում, հիշյալ ավտոմեքենան ենթարկվել է խոր զննման: Տրանսպորտային միջոցի նստատեղի թիկնակի մեջ հայտնաբերվել են ավելի քան 12,1 կգ քաշով մարիխուանա և շուրջ 4,42 գրամ կոկաին տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ:

Փաստի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են