Պարզվել են Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի էական մի շարք հանգամանքներ

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ:

«Այսպես՝ Տավուշի մարզի, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերի տարածքներից Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոց ժամանած բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ պետական մարմինների կողմից սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ ունեցած դժգոհությունների պատճառով, 2024 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը, որի հետ կապված նշված տարածք էր եկել նաև Տավուշի մարզի բնակիչ Յ.Հ.-ն՝ իր ծանոթների հետ:

Այդ ընթացքում Յ.Հ.-ի ընկերոջ և ճանապարհն արգելափակած անձանց միջև բանավեճ է սկսվել՝ ճանապարհը բացելու հարցի շուրջ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, որդու և չպարզված անձանց հետ միասին, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների մոտ սարսափ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, բռնության գործադրմամբ, խուլիգանություն էին կատարել, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը հարվածել է Յ.Հ.-ին և ստիպել հեռանալ:

Չհանդուրժելով տեղի ունեցածը՝ վերջինս, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին, ժամը 16:00-ի սահմաններում վերադարձել են Երևանյան փողոցում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների մոտ և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել ներկաների հասցեին, ինչը վեր է ածվել քաշքշուկի: Միջադեպի մասնակիցների գործողությունները դադարել են՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված կանխարգելիչ գործողությունների արդյունքում: Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Յ.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են նաև խուլիգանությանը մասնակից անձանցից մի քանիսի տվյալները, հստակեցվել են խուլիգանությունների կատարման ընթացքում վերջիններիս գործողությունները: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջադեպին մասնակից հինգ անձի, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մեղադրանք է ներկայացվել:

Ավելի վաղ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է վարույթի նյութերից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում