Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 20-ին նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը