Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը

Ապրիլի 4-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի աջակողմյան հատվածում կազմակերպվում է շնամարտ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածում, որը վերնագրված է՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ի թիվս այլ ձևակերպումների, որպես դաժան վերաբերմունքի դրսևորում նշված է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Չնայած այս պարզ ձևակերպմանը՝ ապրիլի 4-ի ահազանգը բոլորովին էլ եզակի դեպք չէր։ Ի դեպ, շնամարտ կազմակերպողներն իրենց արարքն արդարացնելու համար այդ մարտերը կոչում են թեստավորում։

«Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ կենդանին վնասվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և երբ կազմակերպիչներն ասում են, որ սրանք մարտեր չեն, այլ թեստավորում՝ իրականության հետ ոչ մի կապ չունի։

2025 թվականին արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 31 դեպք, ու սրանց մեջ կան նաև շնամարտի կազմակերպման դեպքեր։ Նույն ժամանակահատվածում բացահայտվել է 14 դեպք։ Իսկ այս տարի, մինչև ապրիլի 7-ը, երբ պատրաստվում էր տեսանյութը, համայնքային ոստիկաններն արդեն իսկ արձագանքել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին 32 ահազանգի։ Սա նշանակում է, որ աճել է ոչ թե դաժան վերաբերմունքի, այլ այդ մասին ահազանգող մտահոգ քաղաքացիների թիվը։ Նաև ակտիվացել է խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների համագործակցությունը։

«Այսօր ՀՀ-ում գործում են մի շարք ՀԿ-ներ, որոնք զբաղվում են տնային կենդանիների պաշտպանությամբ։ Եվ գրեթե բոլոր ՀԿ-ների կանոնադրություններում կա առանձին կետ, որ կենդանիների նկատմամբ դաժան դեպքեր հայտնաբերելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, պետք է տեղեկացնեն պատկան մարմիններին և միջոցներ ձեռնարկեն նմանատիպ դեպքերը բացառելու և կանխելու նպատակով»,-ասում է «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը։

Վերադառնանք ապրիլի 4-ի դեպքին, որն էականորեն տարբերվում էր նմանատիպ այլ դեպքերից, քանի որ քրեական վարույթ նախաձեռնվեց ոչ միայն 307-րդ, այլև Քրեական օրենսգրքի երկու այլ հոդվածների հատկանիշներով։

«Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը մանրամասնում է․ ««Ադել» տնային կենդանիների ՀԿ-ն, ապրիլի 2-ին ստանալով տեղեկություն, որ Լոռու մարզում՝ Սպիտակ քաղաքի հարակից տարածքում, պետք է իրականացվի շնամարտ՝ տարբեր ՀԿ-ներից ստեղծել է աշխատանքային խումբ և մեկնել է Սպիտակ»։
Հասարակական կազմակերպությունների անդամները տեղ հասնելով՝ համոզվեցին, որ իսկապես կազմակերպվել է շնամարտ։

Հասարակական կազմակերպությունների կանոնադրության պահանջների համաձայն՝ կենդանասեր-կենդանապաշտպաններն ահազանգեցին 112 ծառայություն։

«Դոգ-մա» ՀԿ համանախագահ Գոհար Տեր-Անտոնյանը նշում է․ «Ոստիկանությանն ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ ահազանգից 4 րոպե հետո եղել է տեղում։ Եվ բացի նրանից, որ միանգամից դադարեցվել է շնամարտը, Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ շնամարտ կազմակերպողները չկարողացան փախուստի դիմել»։

«Ոստիկանության ծառայողները, հասնելով նշված վայր, ձերբակալել են շնամարտի կազմակերպիչներից երեքին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին տրանսպորտային միջոցների և ութ շների հետ միասին»,- ասում է ՀՈԳՎ ավագ տեսուչ Դավիթ Դիպլոշյանը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլև խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ չխախտել օրենքի պահանջը և դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից։

Related posts

Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա

Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները

Կփորձենք համոզել՝ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, կարող է գնանք արտահերթ ընտրությունների