ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է լուծել 3 խումբ հարցեր:
Առաջին ու ամենակարևոր փոփոխությունը կադրային փոփոխությունն է: Կա որոշում, համաձայն որի՝ 18-35 տարեկան անձինք կարող են հավակնել ոստիկանական համակարգ մուտք գործելու: Ըստ այդմ՝ որոշվել է վերին շեմը՝ 35 տարեկանը, հանել օրենսդրական կարգավորումներից՝ կենտրոնանալով անձի որակական, ֆիզիկական հատկանիշների, կրթության վրա:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը: Առաջարկվում է քրեական ոստիկանության օրինակով ունենալ բաց ընդունելություն, որտեղ թե՛ քաղաքական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողները մաս կկազմեն ընդունելության: Ըստ նախարարի՝ եթե ՆԳՆ կրթահամալիրում բարեհաջող ավարտեն կրթական պրոցեսը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված և կշարունակեն ծառայությունը:
«Այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 200 հազար դրամական բավարարում ստացող ծառայողին ունենալ շուրջ 500 հազար դրամական բավարարում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս փոփոխությունը կբարձրացնի ծառայության գրավչությունը:
Երրորդ փոփոխության համաձայն՝ ծառայության ընդունված աշխատակցին ոչ թե 6 ամիս անց թույլ կտրվի մասնակցել ատեստացիոն պրոցեսին՝ ավելացնելով դրամական բավարարումը, այլ 2 ամիս անց, որն էլ լրացուցիչ խթան կդառնա ոստիկանական համակարգ մուտք գործելու որոշման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկվող փոփոխությունների համատեքստում անդրադարձավ ոստիկանական համակարգում ծառայության անցնելու համար պարտադիր պայման համարվող տարիքային և արտաքին տվյալներից բխող սահմանափակումներին:
«Եթե բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք: Այսինքն՝ եթե, ենթադրենք, մարդու բոյը 130 սանտիմետր է, հիմա բնությունն իրեն այդպես է ստեղծել, գնա ոստիկանություն, ասեն՝ բոյդ կարճ է, գնա դպրոց, ասեն՝ բոյդ կարճ է, բա ո՞ւր գնա, ի՞նչ անի մարդը: Բայց չենք հարցնո՞ւմ՝ դու ի վիճակի՞ ես, այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունե՞ս, թե՞ չունես: Բայց պրոբլեմն այդ չէ, պրոբլեմն այն է, որ 7 տարի է՝ դրա մասին բարձրաձայնում ենք»,- ասաց նա՝ առաջարկելով հանել այս սահմանափակումը ևս:
Վարչապետն առաջարկեց նաև դիտարկել պայմանագրային ծառայության անցնելու համար սահմանված տարիքային սահմանափակումը վերացնելու հարցը: