Նոր ծրագիր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

Մարտի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի Համակարգող խորհրդի առաջին համատեղ հանդիպմանը։

Հանդիպմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ներկայացուցիչներ Ներքին գործերի նախարարությունից, շահագրգիռ այլ գերատեսչություններից և ԵԽ փորձագետներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը, ծրագրի գործողություններին, արդյունավետ իրականացումն ապահովող կարգավորումներին վերաբերող և մի շարք այլ թեմաներ։

Արմեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի և համագործակցության ակտիվացման համար:

«Ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը ՆԳՆ առաջնահերթություններից է և, չնայած անելիքներին, պետք է արձանագրեմ, որ այս ոլորտում ունենք տեսանելի առաջընթաց, ինչը փաստում են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունները և զեկույցները»,- ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալը։

Արմեն Մկրտչյանը կարևորել է Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված նվազագույն չափանիշների ապահովման նպատակով իրականացվող այն աշխատանքները, որոնց արդյունքում պետությունը պետք է ապահովի ազատությունից զրկված անձանց հնարավոր խոշտանգման պատշաճ փաստագրումը և արդյունավետ քննությունը։

Նրա խոսքով՝ ՆԳ նախարարությունը ձեռք է բերել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար, այդ թվում՝ հատուկ կարիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար։

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը հետևողական է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների իրականացման, ինչպես նաև Ոստիկանության գործողություններն առավել իրավաչափ, թափանցիկ և վերահսկելի կազմակերպելու ուղղությամբ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող այլ հարցեր:

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին