Նոյեմբերյանում առերևույթ խուլիգանության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է

2024 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում` «Հովնար» կոչվող խանութի առջև, մի խումբ անձանց կողմից փակվել է ճանապարհը:

ՔԿ-ից տեղեկացնում են, որ ըստ հաղորդման՝ 54-ամյա և 31-ամյա երկու տղամարդիկ ցանկացել են անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն ճանապարհը փակած, ինքնությունը պարզված և դեռևս չպարզված մի խումբ անձինք խոչընդոտել են նրանց ընթացքը։ Այդ պատճառով վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ճանապարհը փակած անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերոնշյալ երկու անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

«Նույն օրը՝ ժամը 12:10-ի սահմաններում, ևս մեկ անձ իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել այդ ճանապարհահատվածով, սակայն ճանապարհը փակած անձինք խոչընդոտել են ավտոմեքենայի ընթացքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել, և դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ձեռքերով և փայտերով հարվածներ են հասցրել վերոնշյալ տղամարդու վարած ավտոմեքենային:

Վերը նշված դեպքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել մեկ այլ անձ, ով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 2024 թ. ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ապրիլի 23-ին վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել է 5 անձ։

Նույն օրը Ոստիկանությունից նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 15:50-ի սահմաններում 54-ամյա անձը 50-ամյա տղամարդու և մի շարք այլ անձանց հետ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, դրսևորել բացահայտ արհամարհական վերաբերմունք հասարակության, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, որի ընթացքում 54-ամյա անձը հայհոյանքներ է հնչեցրել 69-ամյա մի տղամարդու հասցեին, իսկ 50-ամյա անձը ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ երկու միջադեպերն էլ առնչվում է նույն անձանց, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով նշված երկու վարույթները միացվել են և հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությանը։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում