Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Մարուքյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել, որ որքան հնարավոր է եղել, հետևել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին, և, անկեղծ ասած, նաև ափսոսում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել մեր վերջին տարիների քաղաքական կյանքում: Այսօր կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և կուզենայի լսել, թե ինչ լուծումներ եք տեսնում, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, փոխադարձաբար լսելիության ավելի բարձր աստիճան ունենան: Եվ այլ մտքեր, եթե Դուք ինչ-որ գաղափարներ ունեք և հարկ եք համարում, որ այսօր մենք այդ թեմայով քննարկում ունենանք:

Էդմոն Մարուքյան – Պարոն Փաշինյան, շնորհակալ եմ հրավերի համար: Այո, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց հիմնականում համերաշխության, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով: Ըստ էության, մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան