Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ. իրավիճակի սրումն անթույլատրելի է համարվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Էնթոնի Բլինքենը կարևորել է երկխոսությամբ և խաղաղ դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի լուծումը, նշել, որ ԱՄՆ շարունակելու է ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ նպատակով պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են