Մոսկվայում հուլիսի լույս 21-ի գիշերը սկսված ուժեղ անձրևի հետևանքով մի քանի ժամվա ընթացքում տեղացել է ամսական տեղումների քանակ, հայտնել է Մոսկվայի քաղաքային տնտեսության համալիրի մամուլի ծառայությունը։
Նրա տվյալներով՝ տարբեր վարչական շրջաններում գիշերը և առավոտյան տեղացել է 47-ից 91 միլիմետր տեղում. ամսական տեղումների նորման 85 միլիմետր է։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Մոսկվայում անձրևը կշարունակվի մինչև կեսօր, քամու պոռթկումները կարող են հասնել վայրկյանում 12-15 մետրի, որոշ շրջաններում հնարավոր է ամպրոպ։
Մոսկվայում և Մոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով ողողվել են ճանապարհներ և ստորգետնյա անցումներ: Մոսկվայի մարզի Նարո-Ֆոմինսկի շրջանում կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով երեք բնակավայր հայտնվել է մեկուսացման մեջ:
Վատ եղանակի պատճառով Մոսկվայի բնակիչներին կոչ են արել հնարավորության դեպքում փողոց դուրս չգալ, իսկ եթե դա անխուսափելի է, զգույշ լինել և չթաքնվել ծառերի տակ։ Նրանց նաև խնդրել են երթևեկել մետրոյով։