Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Լավ է հնչում, երբ խոսում ենք փոխկապակցվածություն, միջազգային առևտրի և տարանցման, մշակութային և մարդկանց միջև հաղորդակցության խորացման մասին. տնտեսության տեսանկյունից փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության մեծացումը շահավետ կլինի: Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Իմ երկիրը՝ Հայաստանը, դեպի ծով ելք չունեցող երկիր է, և մենք շատ լավ ենք հասկանում վերոնշյալի կարևորությունը եթե ոչ ավելի, առնվազն ոչ պակաս, քան այս սենյակում հավաքված մարդիկ: Բացի դրանից՝ մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում: Մենք երկու հարևանների հետ էլ բանակցություններ ենք վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- իր ելույթում ասել է նախարարը:

Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար: Միրզոյանը շեշտել է, որ դա վերաբերում է նաև մեր տարածաշրջանին:

«Ուստի Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Մենք այդ ծրագիրը տեսնում ենք ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլև որպես պոտենցիալ խաղաղության գործոն»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այն սկզբունքները, որոնք ընկած են դրա հիմքում՝ նախարարը հույս է հայտնել, որ ֆորումի մասնակիցները դրանք արդար կհամարեն: Միրզոյանը շեշտել է հատկապես տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային օրենսդրության հիման վրա: Արտգործնախարարը նշել է, որ համագործակցությունը պետք է կառուցվի հավասարության և փոխադարձության հիման վրա:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ