Միրզոյանը ԱՄԷ չլուսաբանված այց չի ունեցել, պարզապես Ղազախստանից վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան չվերթով. ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հերքել է տեղեկությունները, թե Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններ:

Նա նշել է, որ այդ մասին հայտնել է նաև ԱԳՆ հարցում կատարած լրատվամիջոցին ու չնայած դրան՝ հրապարակվել է կեղծ ու սխալներով լի տեղեկատվություն:

«Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հարցում էր ստացել Փաստինֆո գործակալության լրագրողից, թե արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս չլուսաբանված այց է կատարել Դուբայ (ԱՄԷ), որտեղ ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումներ, օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թե՛ բանավոր, թե՛ գրավոր պատասխանում միանշանակ հերքել է ԱԳ նախարարի իբր «չլուսաբանված այցի» մասին ԶԼՄ-ի սխալ «տեղեկությունները»՝ նշելով, որ նախարարի աշխատանքային և պաշտոնական այցերը մշտապես լուսաբանվում են, չլուսաբանված որևէ այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել։ Լրագրողին նաև տեղեկացվել է, որ ՀՀ ԱԳ նախարարը Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով։ Միաժամանակ, հստակ նշվել է, որ Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել։ Պատասխանում լրացուցիչ ընդգծվել է, որ այն տրամադրվում է որպես հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում։

Չնայած հերքվելուն՝ Փաստինֆո գործակալության հրապարակած նյութի վերնագրում առկա է «Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ» պնդումը: Միաժամանակ բուն տեքստում ևս տեղ են գտել կեղծ պնդումներ.

ա) նախարարի՝ Դուբայում լինելու ընթացքում ադրբեջանական պատվիրակության հետ ոչ պաշտոնական շփումներ ունենալու վերաբերյալ,

բ) Դուբայում գիշերակացով կանգ առնելու և դրա վերաբերյալ ԱԳՆ կողմից պարզաբանում չտրամադրվելու վերաբերյալ (թեև գիշերակացի վերաբերյալ ԱԳՆ-ին անգամ հարց չէր ուղղվել, իսկ ուղղված լինելու դեպքում միանշանակ կհերքվեր),

գ) առհասարակ Դուբայում լինելու փաստն իբրև թե ԱԳՆ կողմից նախ հերքվելու և հետո նոր հաստատվելու վերաբերյալ (թեև ի սկզբանե հերքվել է թե՛ այցը, թե՛ այլ երկրի ներկայացուցչի հետ հանդիպում ունենալը, և ոչ թե Դուբայում տարանցիկ թռիչքով մի քանի ժամ գտնվելու փաստը):

Հրապարակման պահին ընդամենը չորս պարբերություն ունեցող նյութում ապատեղեկատվության տարածմանը միտված երանգավորումներն այսքանով չեն սահմանափակվում, և լրատվականի հրապարակման մեջ այլ անճշտությունների մասին տեղեկացվել է նամակով։

Ձեռնպահ կմնանք կոնկրետ այս արարքին գնահատական տալուց, սակայն հենց նման իրավիճակներն են, որ հանրության կողմից ընկալվում են իբրև չարամտորեն մոլորեցնող և մանիպուլյացիոն ապատեղեկատվություն, իսկ նման կեղծիք տարածողը, մեղմ ասած, չի դիտվում որպես լրատվամիջոց: Կարծում ենք, որ նման երևույթները ստվերում են ԶԼՄ-ների առաքելությունն ու նրանց նկատմամբ վստահությունն առհասարակ, հետևաբար դրանց դեմ պետք է պայքարի առաջին հերթին լրագրողական հանրույթը, առնվազն՝ հանրությանը ճիշտ տեղեկատվություն փոխանցելու էթիկական պարտավորություն ունեցողները:

Ի դեպ, տվյալ հրապարակումից հետո լրատվադաշտում հայտնվել են «ՀՀ ԱԳ նախարարը գիշերը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ» ակնհայտ սուտ վերնագրով հրապարակումներ։

Հաշվի առնելով վերոնշյալը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթները՝ Փաստինֆո գործակալությունից և տվյալ նյութն արտատպած ԶԼՄ-ներից պահանջում ենք նշված հրապարակման հեռացում և սույն գրառման տարածմամբ ԱԳՆ անունից հստակ հերքման հրապարակում: Ակնկալում ենք նաև հետագայում նմանատիպ «նյութերը» պարզապես արտատպելու փոխարեն ԱԳՆ հետ դրանց հավաստիության ճշտում։

Շնորհակալ ենք ԶԼՄ այն գործընկերներին, որոնք մեխանիկորեն չեն արտատպել նյութը կամ արդեն իսկ արձագանքել են և կատարել համապատասխան հերքում։

Եվ վերջում կցանկանայինք վերահաստատել, որ ԱԳ նախարարությունն աշխատել և շարունակելու է թափանցիկորեն լուսաբանել ԱԳ նախարարի այցերն ու հանդիպումները՝ հաշվետու լինելով ՀՀ բոլոր քաղաքացիներին»,- ասվում է ԱԳՆ մամուլի խոսնակի հրապարակած հերքման տեքստում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում