Մինսկի խումբը ենթակա է լուծարման. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Մինսկի խմբի լուծարման հարցին: Նա հիշեցրել է՝ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում վերջին զարգացումների ֆոնին Մինսկի խումբը կորցրել է արդիականությունը։

«Հետևաբար, Մինսկյան բոլոր կառույցները, այդ թվում՝ Մինսկի խումբը, ղարաբաղյան կարգավորման հարցով ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման։ Կարծում ենք՝ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը կլինի Բաքվի և Երևանի համատեղ առաջարկը։ Մենք էլ մտադիր ենք աջակցել մեր գործընկերներին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու գործում»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է՝ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

Պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին հարցին՝ Զախարովան հերթական անգամ կարծիք է հայտնել, թե, իբր, եվրոպական կողմը ցանկանում է, որ տարածաշրջանում լարվածությունը պահպանվի:

«Արտաքին գործընկերների և ազգային անվտանգության ապահովման մեխանիզմների ընտրությունը, իհարկե, ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի մասին է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, հավելել, թե, իբր, Եվրոպան փորձում է խաթարել հայ-ռուսական դարավոր հարաբերությունները:

Related posts

Ո՞վ շողուլից կընկնի, կլինի՞ կառավարման ճգնաժամ. Վ.Ղուկասյանի երդմնակալությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ հարության տոնի կապակցությամբ