ՄԻԵԴ-ն արձանագրել է ակնհայտը, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է. Փաշինյանը՝ վճռի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ակնհայտը, որովհետև ես նախկինում էլ ասել եմ, որ, ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է: Այդ բացահայտման արդյունքները, իմիջիայլոց, այսօր քննարկվում են դատարանում: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Մարտի 1-ի՝ 9 զոհերի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել, արձանագրել է, որ բոլորի կյանքի իրավունքը խախտված է, 7-ի դեպքում արձանագրել է, որ նրանց մահը վերագրելի է պետությանը, և առհասարակ բոլորի դեպքում պետությունը մինչև դատարանի հետ հաղորդակցության պահին կատարած քննությունը եղել է անարդյունավետ, ոչ անաչառ և անկախ:

«Այլ բան է, որ ես կարծում եմ, հույս ունեմ, որ ՄԻԵԴ վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո գտնեն ձևը նախ արդյունավետ դատավարության, նաև ապահովելու համար, որ Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկը ոչ թե ձևական, այլ իրական պատասխանատվությունից չխուսափի:

Կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կամ վճիռը լեգիտիմ առիթ է, որ մենք մի հատ էլ նայենք, լա՛վ, ինչքա՞ն կարող է ձգվել այս ամեն ինչը, ինչքա՞ն կարող է այդ դատավարությունը շարունակվել լղոզված պատասխաններով:

Էլի եմ ասում, որ Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտված է, այդ քրեական հատորներում ամեն ինչի մասին ասված է»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։

Ըստ դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։

Related posts

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ