Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. Արփինե Սարգսյան

Դեկտեմբերի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Արփինե Սարգսյանն իր խոսքում կարևորել է միասնական կառավարում ունեցող ուսումնական հաստատության գաղափարը՝ նշելով, որ կրթական միջավայրի բարելավումը և ոլորտային բարեփոխումները նախարարության և պետության համար ռազմավարական գերակա ուղղություններից են, քանի որ այն հանրության անվտանգության ապահովման կազմակերպման նոր մոտեցում և հնարավորություն է։

Նա նաև նշել է, որ ՆԳ նախարարության կողմից կրթական բարեփոխումների նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան, մրցունակ մասնագետներ պատրաստելն է թե՛ ոստիկանական, թե՛ փրկարարական ոլորտում։

Ներկայացվել է կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հայեցակարգը, որն ուղղված է կրթության որակի լավարկմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ընդգծելով, որ ցանկացած համակողմանի փոփոխության հիմքում մարդկային ներուժն է որպես շարժիչ ուժ՝ ՆԳ նախարարը շեշտել է, որ հենց նախարարության ներդրած ներուժից է կախված, թե վաղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչպիսի ծառայություն կարող են ստանալ ոստիկանությունից և փրկարար ծառայությունից:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ միասնական կրթահամալիրը պետք է նաև գիտահետազոտական լաբ հանդիսանա, որը միտված կլինի յուրաքանչյուր իրավախախտման կանխարգելմանը, որովհետև, ի վերջո, գիտական աղբյուրներից կտրվելն ու միայն առկա վիճակագրության հիման վրա լուծումներ նախատեսելը լիարժեք չէ:

Մասնակիցները ներկայացրել են ուսումնական միջավայրի, նյութատեխնիկական բազայի զարգացման, կրթական գործընթացի թափանցիկության վերաբերյալ առաջարկներ:

Հանդիպումներին առցանց ձևաչափով մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

Related posts

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

Ձեր քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը շարունակում է հասնել ուշագրավ հաջողությունների. Ալիևի ուղերձը Թրամփին