Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորման 14 դեպք՝ «Մուրացան» հիվանդանոցում. մասնագետները զգոնության կոչ են անում

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որն առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում:

Համալսարանական մասնագետները որոշել են երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է բարոթերապիա` հիպերբարիկ օքսիգենացիա: Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Նրանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատությունից:

Նշենք, որ մեկ շաբաթում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում շմոլ գազից թունավորման երկրորդ դեպքն է: Օրեր առաջ` նոյեմբերի 5-ին, հոսպիտալացվել էր ևս 10 քաղաքացի` 7 երեխա և 3 մեծահասակ:

Ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նրանք բավարար վիճակում դուրս էին գրվել համալսարանական հիվանդանոցից:

Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի թիվը՝ համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել՝ արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե՞ ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրան է առնչվում, ինչպես նաև տեղադրել ազդանշանային սարքեր:

Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, որտեղ գազօջախն անընդհատ վառվում է, լինել զգոն:

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ