Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ:

Խմբակցության ղեկավարը նշել է, որ բարեկամական հարաբերությունները երկու պետությունների և խորհրդարանների միջև ներդաշնակ զարգանում են: «Հատկապես 2019-ի ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Ցավոք, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները և պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը ժամանակավորապես ընդհատվեցին: Չնայած այդ հանգամանքին՝ գոհունակությամբ նշեմ, որ քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջև չի ընդհատվել: Շարունակվում են գործնական շփումները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի միջև»,- նշել է Լիլիթ Մակունցը՝ համագործակցության համատեքստում կարևորելով նաև Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի իրականացման շարունակականությունը:

Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Նրա խոսքով՝ գնահատելի էին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի կապակցությամբ նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին Բունդեսթագում կայացած քննարկումները:

Խորհրդարանական խմբակցության ղեկավարն արժևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցով 2021 թվականի մարտի 4-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ քննարկումը:

Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական կարգավորման ուղղությամբ բանակցությունների շարունակությունը:

Լիլիթ Մակունցն առանցքային է համարել արցախահայության ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման և ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցերը: Անդարադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքների դեօկուպացիայի խնդրին:

Related posts

Մոսկվայի կենտրոնում երեք օրով կսահմանափակվի բջջային ինտերնետի հասանելիությունը՝ գագաթնաժողովների պատճառով

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով օղիների ստվերային շրջանառման դեպքեր

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան