Ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը՝ Երևանում. կայացել է ԱԻՆ կոլեգիայի նիստը

Հունվարի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Նիստը մեկնարկել է ՀՀ պետական և ԱԻՆ դրոշների ներսբերման արարողությամբ: Ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները:

Կոլեգիայի նիստին մասնակցել են նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման, Իրավաբանական, Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության, Արտաքին կապերի, Ֆինանսատնտեսագիտական, Գույքի կառավարման վարչությունների, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, Կադրային քաղաքականության բաժինների, Քարտուղարության և ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի մեկ տարվա գործունեության արդյունքները: Համեմատականի համաձայն՝ 2021թ.-ի ընթացքում նշված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Դրական դինամիկա է արձանագրվել նաև հանձնարարականների ժամանակին կատարման գործընթացում:

2021 թվականին՝ 2020թ. համեմատ, գրեթե կրկնապատկվել է հանրապետությունում գործող էլեկտրաշչակների քանակը՝ ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը՝ Երևանում: Վերանորոգվել և վերատեղադրվել է 224 շչակ: Արդիականացման արդյունքում տեղադրված է 1000 էլեկտրաշչակ:

Աշխատանքներ են տարվում ՀՀ տարածքում տեղադրված շչակների տվյալներն էլեկտրոնային քարտեզներում զետեղելու ուղղությամբ։ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները:

Հիմնանորոգվել և ամբողջությամբ կառուցվել են Գյումրի 2, Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը։ Ընթացքում է Աշոցք ՀՓՋ-ի նոր շենքի շինարարությունը, Ստեփանավանի և Բաղրամյանի ՀՓՋ-ների նոր շենքերի, Սևանի ջրափրկարարական բազայի նախագծման աշխատանքները: ՓԾ տնօրենը կարևոր ձեռքբերումներից է համարել նաև տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում տեխնիկական համալրումը, մասնավորապես՝ բոլոր մարզային փրկարարական վարչություններին անօդաչու թռչող սարքերով ապահովելը, որոնցից 4-ը նախատեսված է հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար։ ՊՆ-ից ԱԻՆ-ին փոխանցված բեռնատար մեքենաները ևս կհամալրեն մարզային ջոկատների ավտոպարկը:

2021թ-ին ՓԾ քաղաքացիական պաշտպանության բոլոր հենակետերը համալրվել են համակարգչային տեխնիկայով և թվային ռադիոկապով, իսկ անձնակազմը՝ անհատական մարտական համազգեստով: Կատարվել են փոփոխություններ Փրկարար ծառայության համազգեստի ձևի, տրման կարգի և օգտագործման ժամկետների առումով: Տարվա ընթացքում փրկարար ծառայությունը համալրվել է հրշեջ համազգեստի ավելի քան 1400 լրակազմով, ինչը թույլ է տվել առաջին անգամ ամբողջ հրշեջ-փրկարարական անձնակազմին ապահովել անհատական մարտական համազգեստով և համազգեստի տարրերով:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն առանձնացրել է ուսումնական հաստատության ձեռբերումները, նշել՝ ծրագրերը: Անցած տարի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա է ընդունվել 295 ուսանող, ավարտել՝ 251-ը: Նրանք աշխատանքի են անցել ԱԻՆ-ում, Ոստիկանությունում, ՊՆ-ում: ՀՀ կառավարության որոշմամբ 2020-2021թթ. ուսումնական տարվա համար Ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել է 90 անվճար տեղ: Բարձր առաջադիմությամբ ուսանողներին պետության կողմից տրամադրվել է կրթաթոշակ: Ակադեմիայում ձևավորվել է IT լաբորատորիա:

Անօդաչու թռչող սարքի կիրառությամբ որոնողափրկարարական գիտափորձնական աշխատանքներ են իրականացվել: Մշակվել են փոքր ռոբոտի անցողունակությունը բարձրացնող մետաղական կոնստրուկցիաներ, որոնք հնարավորություն են տվել ռոբոտը իջեցնելու և վեր բարձրացնելու 650 թեքություն ունեցող աստիճանավանդակով։ Կատարվել են ԱԹՍ-ների միջոցով ջրային խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև պարանների ամրացման մեխանիզմների մշակման աշխատանքներ: Ակադեմիայի առաջիկա տարիների ծրագրերը ևս հավակնոտ են:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին լրացվել է 2547 երկրաշարժի տվյալ: Օպերատիվ որոշվել են 503 երկրաշարժի հիմնական պարամետրեր։ Շարունակվել են շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ հետազոտությունները և անձնագրավորման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատուկ նշանակության օբյեկտները: Հայաստանում առկա շենք-շինությունների 70-80 տոկոսն ունեն բարձր խոցելիություն և սեյսմակայունության խնդիրը շարունակում է օրակարգում մնալ:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանի հաշվետվության համաձայն՝ 2021թ.-ի ընթացքում կնքվել է փորձաքննության իրականացման 2.599 պայմանագիր, 10.517 Արտադրական Վտանգավոր Օբյեկտների տրվել են փորձաքննության եզրակացություններ, որից 8-ը բացասական: Ուսումնական կենտրոնում ուսուցանվել են տեխնիկական անվտանգության թվով 1.518 մասնագետ կադրեր: ՊՈԱԿ-ը լիարժեք իրականացրել է ՀՀ տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումը:

Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը ներկայացրել է ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքները: Համաձայն զեկույցի՝ իրականացված աշխատանքների և համագործակցությունների արդյունքում ստեղծված նոր հնարավորությունները նպատակ ունեն համախմբելու ջանքերը և համայնքներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն մասնակից դարձնելու աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի ներկայացուցիչներին մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար: Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2021 թվականի գործունեությունը, նշել է այս տարվա անելիքները,- «2022 թ. մեզ համար կարևոր խնդիր է շարունակում մնալ շենքային պայմանների բարելավումը, անշուշտ մեծ անելիք ունենք նաև Փրկարար ծառայության ստորաբաժանումներում շահագործվող հին ավտոմեքենաների փոխարինման և տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ ինչպես պետական այնպես էլ տարբեր բարեգործական միջոցների հաշվին։ Իհարկե, բացի նշված ձեռքբերումներից, կան նաև բացթողումներ, որոնց ուղղությամբ ևս անելիքներ կան, սակայն վստահ եմ, որ մենք միասին, նվիրումով և արժանապատիվ աշխատանքով կարողանալու ենք նեցուկ լինել մեր ժողովրդին՝ այս դժվարին ժամանակահատվածում»:

Նիստի ավարտին նախարարը պարգևներ է հանձնել Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողներին, խրարուսվել են նաև հանրային իրազեկման գործընթացին աջակցություն ցուցաբերած պաշտոնյաներն ու աշխատակիցները:

Գերատեսչության ղեկավարը պարգևներ, մեդալներ և արտահերթ կոչումներ է շնորհել մի շարք փրկարար ծառայողների:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում