ՀՀ գլխավոր դատախազը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ոլորտի հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին մեր երկրում ստանձնած առաքելության կապակցությամբ և մաղթել արդյունավետ, երկու բարեկամ երկրների շահերին նպաստող բեղմնավոր գործունեություն:

«Արթուր Դավթյանը վստահություն է հայտնել, որ իր նախկին՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում պարոն Կոնյուկի աշխատանքային փորձառությունը, այդ համատեքստում երկու երկրների դատախազությունների միջև ծավալված երկկողմ և բազմակողմ գործակցությունը, միջանձնային ջերմ և անմիջական հարաբերությունները լուրջ նախադրյալներ են ստեղծում երկու կառույցների միջև համագործակցությանը նոր որակ հաղորդելու համար՝ միտված այն առավել սերտ, թիրախային դարձնելուն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ առկա բազայի և իր համար տեսանելի ինստիտուցիոնալ կարիքների հիման վրա խթանելու իրավական ոլորտում երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների ռեսուրսներն առավել նպատակային կիրառելուն ուղղված նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցությանը, երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, դրանից բխող համատեղ ծրագրերին, հնարավոր ուղղություններին և մեխանիզմներին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ