ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև երեկ ընդունված կառավարության ծրագրում:

Նշվել է, որ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարևոր է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը:

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Զրուցակիցները նաև քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր կգործադրի` ուղղված կազմակերպության զարգացմանն ու ներուժի ամրապնդմանը:

 

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

Հայաստանը ծայրագավառ դարձնելու փորձերն ապարդյուն են. Նազելի Բաղդասարյան