ՀՀ ԱԳՆ ղեկավարը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի ԶՈՒ ներթափանցման ստեղծած իրավիճակին

Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։

Հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ կատարվեց հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին։ Արա Այվազյանը և Կիշան Դան Դևալը վերահաստատեցին երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, ինչը նաև կնպաստի ավելի արդյունավետ դիմագրավելու տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։

Հանդիպման առանցքում էր Հայաստանի սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համատեքստում։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մանրամասն ներկայացրեց մայիսի 12-ից առ այսօր տիրող լարված իրավիճակը, որը զուգորդվում է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների կողմից սադրիչ գործողություններով։

Հատուկ անդրադարձ կատարվեց մայիսի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Արա Այվազյանը բարձր գնահատեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը։

Related posts

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18,191 երկրաշարժ է գրանցվել