Հետաքրքրված ենք տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ՝ հիմնելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա. Փաշինյանը՝ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է, և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ: «Ինչպես Ձեզ հայտնի է, մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի բացմամբ, ապաշրջափակմամբ՝ հիմնելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա, որոնց տարածքներով այդ հնարավոր ենթակառուցվածքներն անցնում են: Վստահ եմ, այսօր կքննարկենք որոշ ասպեկտներ, ուրախ եմ այս առիթով հանդիպել Ձեզ»,- ասել է վարչապետը:

Ալեքսեյ Օվերչուկը նկատել է, որ օրերս Սոչիում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետների բովանդակալից հանդիպումը, և փաստել, որ երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է: ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին:

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:

Մինչ վարչապետի հետ հանդիպումը ՌԴ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցության զարգացմանն առնչվող թեմաներ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում