Հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք, չպատվաստված անձի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Հայաստանի Հանրապետությունում փայտացման դեպքերը գրանցվում են հազվադեպ (վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին), սակայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք չպատվաստված 85 տարեկան անձի մոտ, որը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Փայտացման կանխարգելման, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:​
​Հայաստանում փայտացման դեմ պատվաստումները կատարվում են համակցված պատվաստանյութերով՝ Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված ժամկետներում՝ մինչև 12 ամսական, 18 ամսական և 6 տարեկան երեխաներին, 15-16 տարեկան դեռահասներին, այնուհետև՝ դիֆթերիայի և փայտացման դեմ յուրաքանչյուր՝ 10 տարին մեկ:
Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են փայտացման դեմ պատվաստանյութերով:
Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել փայտացման դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
Հիշեցնենք, որ փայտացումը ծանր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է սուր ընթացքով, նյարդային համակարգի ախտահարումով, կմախքային մկանների տոնիկ և կլոնիկ ցնցումներով, որն ի վերջո բերում է ասֆիկսիայի (շնչառության կանգ):
Հիվանդության հարուցիչը Clostridium tetani-ին է, որը կարող է երկար ժամանակ պահպանվել հողում, ջրում և ցանկացած մակերեսի վրա։ Մարդը վարակվում է, երբ հարուցիչը ներթափանցում է վնասված մաշկի կամ լորձաթաղանթների միջոցով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում