Հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել. ՄԻՊ նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Մամուլում շրջանառվող տեղեկությունների և քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքների համաձայն՝ 2023-2024թթ. ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել, ինչի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

«ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվել են նաև դիմում-բողոքներ այն մասին, որ վերջիններիս առաջարկվել է որոշ ուսումնական դասագրքեր պատճենահանել կամ ձեռք բերել գրախանութներից, իսկ մարզային բնակավայրերում խնդիրն առավել մտահոգիչ է՝ պայմանավորված պատճենահանման, ինչպես նաև ուսումնական էլեկտրոնային դասագրքերից օգվտելու դժվարություններով:

Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի կողմից անմիջապես գրություն է հասցեագրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նկատի ունենալով այն, որ ուսումնական դասագրքերին վերաբերելի գործընթացում առկա խնդիրները կարող են ունենալ ուղղակի ազդեցություն յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված կրթության իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:

Պաշտպանն ընդգծում է, որ հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային դասագրքերով ուսումնական գործընթացի կազմակերպումը պետք է համապատասխանի ոչ միայն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով երաշխավորված՝ հավասար հնարավորությունների հիման վրա կրթության մատչելիության ապահովման ստանձնած պարտավորությանը, այլև երեխաների առողջության պահպանմանը և բնականոն զարգացմանը՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից հաստատված թվային դասագրքերի և օժանդակ թվային ուսումնական նյութերի որակի հատուկ չափորոշիչները:

Պաշտպանը կարևորում է հանրապետության ողջ տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնական տպագիր բոլոր դասագրքերի՝ սահմանված ժամկետում տրամադրումն, ինչպես նաև էլեկտրոնային դասագրքերի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը և դրանցից օգտվելու հասանելի հնարավորությունների երաշխավորումը:

Նշված հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ