Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու. Փաշինյան

Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փորձագիտական մակարդակում շեշտադրում կա, որ եթե լինի երկաթուղի, արդյոք իրանական բեռնատարները կարո՞ղ են այդ ճանապարհը հատել-անցնել: Այս համատեքստում Փաշինյանը նշեց ՀՀ մնացած հատվածներում ՌԴ-ի կողմից կոնցեսիայի սկզբունքով կառավարվող երկաթուղու օրինակը:

«Մեր բազմաթիվ բնակավայրերով և ճանապարհներով երկաթուղին անցնում է, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տեղերով հատման կետեր կան: Որևէ հայկական, իրանական, վրացական, եվրոպական ավտոմեքենա այդ երկաթուղու վրայով անցնելիս որևէ խնդրի երբևէ հանդիպո՞ւմ է: Ո՛չ, որովհետև դա ՀՀ իրավազորության տարածք է»,- ասաց նա:

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նաև Վաշինգտոնյան փաստաթղթում ներառված փոխադարձության սկզբունքի վրա, որ փոխադարձ առավելությունների մասին է:

«Մենք երբեք, իմիջիայլոց, չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար, և Վաշինգտոնի հռչակագրում ասված է Ադրբեջանի այդ առավելությունը, այսինքն՝ կապ ունենալու առավելությունն ընդգծված է վերը նշված սկզբունքների շրջանակում, և ընդգծված են ՀՀ-ի համար ներքին, այսինքն՝ երկրից երկիր, և միջազգային՝ այսինքն՝ դեպի երրորդ երկիր փոխադարձ առավելությունները»,- ասաց նա:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ