Հայաստանում կանայք կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն կանցնեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով ներդրվում է իգական սեռի ներկայացուցիչների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 62 կողմ, 26 ձեռնպահ ձայներ:

«Ներդրվում է իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի ՀՀ քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս»,-ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները՝ մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ն այն հաշվարկով, որ հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զինվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը: Մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում նրանք ենթակա են լինելու այդ օրվան հաջորդող զորակոչին, իսկ այդ ժամկետներից հետո ներկայացված դիմումներով՝ դիմումի տրման օրվան հաջորդող զորակոչի ժամանակ: Դիմումը տալուց հետո իրավունք են ունենալու մինչ զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունց:

«Զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: Այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու է պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կանայք»,-ասաց նախարարը:

6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանում են պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լիարժեք ծառայելու դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու պարագայում՝ նշված գումարը 6 ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու չափով:

Զորացրված իգական սեռի քաղաքացիները հաշվառվելու են պահեստազորում: Պահեստազորային հաշվառման շրջանակներում օրենքով սահմանված կարգով ենթակա են լինելու վարժական հավաքների և զորահավաքային զորակոչի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախագծի առնչությամբ նշեց, որ ԶՈՒ-ում կանայք շատ վաղուց են ծառայում՝ իրականացնելով փայլուն ծառայություն: «Հայաստան» խմբակցությունն ունի մտահոգություններ, որ անհավասար պայմաններ են ստեղծվում, կան այլ մտահոգություններ ևս, այսպիսով ձեռնպահ են քվեարկելու:

Related posts

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի