Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են. Պապիկյան

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը:

«Հայ–ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր: Սրանք հարցեր են, որոնցից ոչ ռուսական կողմը, ոչ մենք չենք խուսափում, և պետք է չխուսափենք»,- ասել է նախարարը:

Պապիկյանը հիշեցրել Ֆինանսների նախարարի հայտարարությունը, որով վերջինս տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ ՀՀ-ի կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պետք է պակասեցվի:

«Կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել: Պետք է ասեմ, որ սա միակ ընթացիկ պայմանագիրը չի եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև: Բնական է՝ կան պարտավորություններ, որոնք ուշացումների բերումով կարող են ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ-տուգանքներ և այլն: Սակայն նաև պայմանագրեր կան, որոնք  պատշաճ կատարվում են»,- տեղեկացրել է Սուրեն Պապիկյանը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում