Հայաստանն ընտրվել է Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 18-20-ը տեղի է ունեցել Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին 2005 թ․ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 10-րդ նստաշրջանը։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:

«Հայաստանն ընտրվեց փոխնախագահ՝ բյուրոյում ներկայացնելով Արևելաեվրոպական տարածաշրջանային խումբը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ելույթ ունեցավ հաշվետու ժամակահատվածում քարտուղարության գործունեության վերաբերյալ զեկույցի շուրջ՝ անդրադառնալով նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականությանն առնչվող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությանը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, արտակարգ իրավիճակներում արտիստների ստեղծագործական գործունեության շարունակականության և մշակութային կյանքի պաշտպանության կարևորությունը։

ՀՀ պատվիրակությունը ելույթներ ունեցավ նաև տեխնոլոգիական արդի մարտահրավերների հաղթահարման նպատակով հավելյալ իրավական գործիքի մշակման, փորձագիտական խմբերի կողմից իրականացված աշխատանքների, Կոնվենցիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների և այլ օրակարգային կետերի վերաբերյալ։

Նստաշրջանի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանն ընտրվեց 2005թ․ Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ նաև 2005 թ․ կոնվենցիայի 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառում, որի շրջանակներում Հայաստանը ներկայացրեց «Երազ» պարային համույթը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին