Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, որոնց տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել էր Եգիպտոոս:
Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի` հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով. դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն:
2025 թ. հունիսի 13-ից սկսած ՀՀ ԱԳ նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հայտեր։ Դա վերաբերում է ինչպես ԻԻՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ քաղաքացիների։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ցուցաբերել է անհրաժեշտ աջակցությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում վիզայի տրամադրման հարցերում։
Այսպես, հավանաբար արդեն տեղյակ եք հնդիկ ուսանողների տարհանման մասին, որն իրականացվեց համաձայն երկու երկրների ԱԳ նախարարների պայմանավորվածության:
Տարհանման հարցում արագ արձագանք և որոշակի աջակցություն է ցուցաբերվել նաև Ղազախստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Զիմբաբվեի, Նիգերիայի, Սիերա Լեոնի քաղաքացիներին: ՀՀ սահմանով տեղափոխվել են նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Լիբանանի և այլն: Աջակցության խնդրանքներ կան նաև այլ պետություններից։
Աշխատանքները, այդ թվում և՝ ՀՀ այլ պատկան գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, շարունակվում են»,- նշել է նա։