Հայաստանն ակտիվորեն նպաստում է համաշխարհային բնապահպանական ջանքերին. ԱԳՆ գլխավոր քարտուղար

ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հունիսի 13-ին Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին և ելույթ է ունեցել «Հանգստություն հոսանքների մեջ. Հաղթահարելով հակամարտություններն ու ճգնաժամերը» խորագրով կլոր սեղան քննարկմանը։

Իր ելույթում գլխավոր քարտուղարը շեշտել է ծովային անվտանգության կարևորագույն նշանակությունը համաշխարհային առևտրի, խաղաղության և շրջակա միջավայրի կայունության գործում:

Նա ընդգծել է ծովային տարածաշրջաններին սպառնացող շարունակական վտանգները, այդ թվում՝ ծովահենությունը, մարդկանց անօրինական թրաֆիքինգը, կազմակերպված հանցագործությունները և աճող աշխարհաքաղաքական լարվածությունը, որոնք խաթարում են միջազգային կայունությունը:

Նա շեշտել է միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ կանոնադրության և ՄԱԿ Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի լիակատար պահպանման անհրաժեշտությունը՝ որպես ինքնիշխանության, նավարկության ազատության և վեճերի խաղաղ կարգավորման ապահովման հիմք:

Նա նաև ընդգծել է զարգացմանը միտված և ներառական մոտեցումների միջոցով ծովային անապահովության արմատական ​​պատճառների հասցեագրման կարևորությունը։

Դավիթ Կարապետյանը նշել է, որ, չնայած լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, Հայաստանը ակտիվորեն նպաստում է համաշխարհային բնապահպանական ջանքերին: Վերջերս Նիցցայում կայացած ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի ընթացքում Հայաստանը ստորագրել է «Ազգային իրավասությունից դուրս գտնվող տարածքների ծովային կենսաբազմազանության մասին» համաձայնագիրը (BBNJ):

Հայաստանը պատրաստվում է նաև 2026 թվականին հյուրընկալել «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը կներառի օվկիանոսային կենսաբազմազանության ամուր շեշտադրում։

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը բազմակողմ համագործակցությանը և ապագա սերունդների համար օվկիանոսների պաշտպանությանը։

Related posts

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան