Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու իրենց գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
Միաժամանակ նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:
Նախարարները կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը և այն երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ջանքերը:
Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը:
Քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ առաջիկա անելիքները:
Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Նախարարներն ընդգծել են, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են Հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:

Related posts

Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան