Հայաստանի ցանկությունն է կայուն խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում. Միրզոյան

Երկկողմ հանդիպումից հետո Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի է ունեցել, որի առանցքում են եղել Հարավային Կովկասում զարգացումները:

Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ անընդհատ անցյալին վերադառնալը և խոչընդոտների վրա կենտրոնանալը կարող է կառուցողական չլինել և թույլ չտալ հասնել շահավետ լուծումների: Միրզոյանն արձագանքել է Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, որ խաղաղաության համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Մինսկի խումբը լուծարվի, և Հայաստանի Սահամանադրության մեջ փոփոխություններ արվեն, քանի որ այն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի ժողովրդի ցանկությունն է՝ կայուն խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում: Այդ թվում և առաջին հերթին քննարկում ենք Ադրբեջանի հետ հարաբերություններն ու կարգավորումը։ Մեզ հաջողվեց երկար բանակցություններից հետո համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, ինչպես նաև առաջարկեցինք անհապաղ համաձայնագրի ստորագրման վայրի և ամսաթվի հարցով քննարկումենր սկսել:

Արդյոք համաձայնագիրը, համաձայնեցված տեքստը պատասխանո՞ւմ է բոլոր հնարավոր հարցերին. իհարկե՝ ոչ։ Սա հիմք է, հարաբերությունների սկիզբ։ Իհարկե, շատ հարցեր կան, և մենք կարող ենք շարունակել մեր քննարկումը դրանց շուրջ, կարող ենք շարունակել գործակցության նոր հնարավորությունների ուսումնասիրումը։ Կարևոր է նշել, որ համաձայնեցված տեքստում կա դրույթ, որի համաձայն՝ ստեղծում ենք երկկողմ հանձնաժողով՝ քննարկելու մնացած բոլոր հարցերը, ներառյալ՝ հարցերը, որոնք կարող են ծագել համաձայնագրի այս կամ այն դրույթի մեկնաբանման, բազմաթիվ այլ հնարավոր հարցերի քննարկման հետ կապված:

Վստահ ենք, որ ունենք բոլոր դրական նախադրյալները՝ ստորագրելու համաձայնագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ, խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան և բարգավաճում բերել Հարավային Կովկաս և դրա սահմաններից դուրս»,- ասել է Միրզոյանը:

Related posts

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը. հանդիպում Ալեն Բերսեի հետ

Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը կդառնան պարտադիր. ՊԵԿ

Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ հաջողություններ ունենք. Հակոբ Սիմիդյան