2024 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաստատված բյուջեն կազմել է 9,8 միլիարդ դրամ, ճշգրտվածը՝ 11,1 միլիարդ դրամ: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախարարի խոսքով՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման համար 15,4 միլիոն դրամ է տրամադրվել, սակայն ծախսը կազմել է 6,2 միլիոն դրամ:
Սիմիդյանը տեղեկացրեց նաև՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման միջոցառումը կազմված է եղել 5 տեղամասից, հաղթող եղել է 2 տեղամասում, 3 տեղամասում հաղթող չի եղել, բայց, ցավոք, այդ 2 տեղամասի հաղթող կազմակերպությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները:
««Սևան» ազգային պարկն այս միջոցառման շրջանակում շուրջ 19 հա մաքրման աշխատանքներ է կատարել, բայց քանի որ մեր փորձն արդեն ցույց է տալիս, որ այս միջոցառման շրջանակում մրցութային գործընթացները հիմնականում տապալվում են, 2025-ի բյուջեում վերադասավորումներ ենք արել այս միջոցառման կապակցությամբ»,- հայտնեց Սիմիդյանը:
Ինչ վերաբերում է Սևանի իշխանի պաշարների վերականգնման հարցում կատարված աշխատանքներին, նախարարը հայտնեց՝ արդեն 3-րդ տարին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին 495 միլիոն դրամ դրամաշնորհ է տրամադրվել, 2024-ին 87.300 հատ ամառային իշխանի մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ, 302 հազար հատ իշխանի գեղարքունի տեսակի մանրաձուկ, այսինքն՝ շուրջ 389 հազար մանրաձուկ:
«2025 թվականին 38.800 հատ ամառային և 36 հազար հատ գեղարքունի մանրաձուկ է բաց թողնվել: Տարեվերջին այս թիվն ուզում ենք հասցնել 520 հազար հատի: Այս թվերը նպատակ ունենք մեծացնել, հասցնել մինչև 1 միլիոն հատ մանրաձկան»,- տեղեկացրեց ՇՄ նախարարը՝ հայտնելով, որ հաջողություններ ունեն Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ:
«Շուրջ 2000 մայրական առանձնյակ ենք կարողացել ձեռք բերել և առաջիկայում նաև կողակի վերարտադրության և Սևանա լիճ բացթողնման գործընթաց կսկսենք»,- ուրախությամբ հայտնեց Հակոբ Սիմիդյանը: