«Երբ ընդդիմությունը խոսում է բանակցային գործընթացի մասին՝ այսպես պետք է լիներ, այնպես պետք է լիներ, հարգելինե՛րս, իրենք 30 և ավելի տարի իշխանություն էին, բա որ շանսեր կային, ինչի՛ չեք լուծել: Եկեք անդրադառնանք այս հարցին: Այսինքն՝ եղել է լուծման, ինչպես իրենք են ասում՝ հայամետ լուծման շանս, դուք չե՞ք արել, բա ինչի եք մեզ դավաճան ասում: Ուրեմն դուք եք, ձեզանից մեծ դավաճան չկա՝ տարբերակ Ա, և տարբերակ Բ՝ այդ ամենն ընդամենը աչքակապոցի էր»,- հայտարարեց վարչապետը:
Ինչ վերաբերում է 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկին, ընդգծեց՝ այն հրապարակված է:
«Ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել: Այդ փաստաթուղթը սկսվում է՝ «Մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս»: Ես երեկ մի քննարկմանն արձանագրեցի, որ այդ նրբությանը չեմ անդրադարձել: Այդ 2019-ի փաստաթուղթը ոնց է հայտնվել: 2019-ի այդ փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ՝ երբ ես 2018-ին վարչապետ եմ դարձել, խնդիր եմ դրել համանախագահների առաջ, ասել եմ՝ լիքը թղթեր կան, ես չեմ հասկանում՝ այս թղթերից ո՛րն է այս պահին մեկնարկային կետը բանակցային գործընթացի՝ նախորդող շրջանի սեղմագիրը: 2019 թվականի հունիսի թուղթը դա է, երբ ասել եմ՝ ինձ ասեք՝ որն է սեղմագիրը նախորդող շրջանի: Համանախագահողները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր: Եվ այդ համատեքստում է, որ հարց եմ տվել, ասել եմ՝ լավ, ես կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը՝ այս փաթեթներով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում՝ որևէ մեխանիզմով, և հնչել է շատ հստակ պատասխան՝ այո՛, եթե Ադրբեջանը համաձայնի: Էլ չեմ ասում՝ այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի՝ այս ամբիոնից ունեցած ելույթն էր: Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում բանակցային գործընթացի»,- հայտնեց վարչապետը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չի հրապարակվել Քի Վեսթի փաթեթը, ասաց՝ այն չկա:
«Որովհետև չկա Հայաստանի Կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաթեթ: Քի Վեսթի փաթեթի հենքը այն է, ինչը տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը տվել է «Հայկական ժամանակ» թերթին, և հրապարակվել է: Դա է Քի Վեսթի գաղափարական հիմքը, և էլ չեմ ասում՝ դրա կարիքը չկա էլ»,- հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին բանավեճի հրավիրելուն, ընդգծեց՝ հիմա բանավեճի չի էլ հրավիրում:
«Հրավիրեմ էլ՝ ի՛նչ խոսեմ, էլ բանավիճելու բան չկա: Թող կարդան, պատմեն, ի՛նչ պիտի պատմեն, պատմելու բան էլ չկա»,- խոսքը եզրափակց վարչապետը: