Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին այսօր լրագրողները ճեպազրույցում հարց ուղղեցին ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազորությունների չիրականացման վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության մասին է առ այն, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱԿՊ գագաթնաժողովում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Հայաստանի դիրքորոշումներում որևէ բա՞ն է փոխվել, ինչին ի պատասխան՝ Խանդանյանը տվեց բացասական պատասխան:

«Ո՛չ, Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Հայաստանը ինչպես հայտարարել է, մի քանի տարի է՝ ինչ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում:

Մենք կհետևենք զարգացումներին և կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ կապված, և չեմ կարծում, որ էստեղ որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը մեզ կարող է ստիպել կամ ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:

Գիտեք՝ որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը, և այդ խնդիրները, ըստ էության, չեն լուծվել մինչ օրս: Մենք չենք տեսել նույնիսկ քաղաքական մակադրակի որևէ հայտարարություն, որը նույնիսկ կդատապարտեր 2022-2023 թվականներին ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը»,- հայտարարեց պատգամավորը:

Ճշտող հարցին՝ արդյոք անհանգստացնող չե՞ն հնչող հայտարարությունները, Խանդանյանը նշեց՝ այնքան տևական ժամանակ է անցել՝ գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, մասնավորապես խաղաղություն է հաստատվել:

«Մենք բոլորովին այլ հանգամանքներում ենք խոսում Հայաստանի ինքնիշխան տարածքի, օկուպացիայի մասին, սահմանազատման գործընթացն է իր ամբողջ ծավալով ընթացքի մեջ, և եթե նույնիսկ որևէ տեսակի հայտարարություն լինի ՀԱՊԿ կողմից կամ որոշում, կարծում եմ՝ դա կլինի ժամակավրեպ»,- հայտարարեց իշխող խմբակցության պատգամավորը:

Հարցին՝ իսկ եթե Հայաստանը հեռացվի ՀԱՊԿ-ից, պատասխանեց՝ դա ևս իրավիճակ է, որը պետք է քննարկվի և հետագայում հաշվի առնվի մեր հետագա հարաբերություններում ՀԱՊԿ-ի և կազմակերպության անդամ երկրների հետ:

Related posts

Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը

Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան