Հայաստանը շահագրգռված է զարգացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Լինդսի Հոյլին

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորություն մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 7-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար՝ նշելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ու նույնն ակնկալում է Միացյալ Թագավորությունից:

Հանդիպմանը նշվել է, որ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը ձեւավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա: Կողմերը քննարկել են մարդու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ շուտով կավարտվի ՀՀ-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը, եւ այն կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Հայաստանը՝ որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, առավել կարեւորում է արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունը: Գոհունակությամբ եմ արձանագրում մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի վերջին երկու տարվա ընթացքում փոխայցերն ու առկա ակտիվ գործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ խոսնակը Հայաստան է հրավիրել իր բրիտանացի գործընկերոջը:

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ