Մեկ տասնյակից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու համար մեղադրվող ՃՈ երկու տեսուչների գործի նախաքննությունն ավարտվել է

Մեկ տասնյակից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու համար մեղադրվող ՃՈ երկու տեսուչների գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

«Քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՃՈ տեսուչներ Ն. Թ.-ն և Ռ. Ն.-ն, Արագածոտնի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված, մասնավորապես՝ սահմանված երթևեկության առավելագույն արագությունը գերազանցած 14 վարորդների և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեկ վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 5000-10.000-ական ՀՀ դրամ: Մի շարք դեպքերում էլ վարորդների կողմից փաստացի կատարված՝ առավել խիստ վարչական պատասխանատվություն ենթադրող խախտումներն արձանագրելու փոխարեն ՃՈ տեսուչները նրանց վերաբերյալ կազմել են մեղմ իրավախախտումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություններ:

Վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ն. Թ.-ին և Ռ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ