Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝  փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել օպերատիվ ստորաբաժանման գործառույթների հստակեցմանը, լիազորությունների համաչափ բաշխմանը և ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործմանը  և վերջնարդյունքում՝ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Օպերատիվ ստորաբաժանման կառուցվածքը ձևավորվել է ըստ գործառույթների հստակ տարանջատման և մասնագիտացման սկզբունքի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իրավապահ մարմնի ներսում գործող կառուցվածքային ստորաբաժանումների հստակ կազմակերպմամբ, դրանց նպատակային և համակարգված գործունեությամբ:

Փոփոխության արդյունքում օպերատիվ մեկ ստորաբաժանման հենքի վրա ձևավորվել է ինքնուրույն կառուցվածքային միավոր հանդիսացող չորս օպերատիվ ստորաբաժանում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով՝ նույն վարչությունների կազմում ստեղծվել են նախադեպը չունեցող մարզային ստորաբաժանումներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինները, ինչը թույլ կտա արագ արձագանքել կոռուպցիոն ահազանգերին, իրականացնել ոչ միայն հետախուզական, այլ նաև կանխարգելիչ աշխատանք՝ նպաստելով հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Արթուր Նահապետյանն ընդգծել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ հանրության ակնկալիքները մեծ են, ուստի պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել այդ սպասելիքներն արդարացնելու և կառույցի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից