Կսահմանվի պատասխանատվություն բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքում. նախագիծ

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նպատակն է բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումը, անվտանգության ապահովումը և գործող օրենսդրության բացի լրացումն ու համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:

Մասնավորապես, առաջարկվում է բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությունը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտելու դեպքում առաջարկվում է տուգանք` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հասմիկ Հակոբյանի ներկայացմամբ  ՆԳՆ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023-2025 թվականներին բուժաշխատողների բռնության 27 դեպք է արձանագրվել:

Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ պատասխանելով նաև պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարևորել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հարցի արդիականությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Ելույթներում պատգամավորները կարևորել են լրացումները՝ առաջարկելով նախագծում առկա խոցելի դրույթները քննարկել և հստակեցնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Եզրափակիչ ելույթում Հասմիկ Հակոբյանն ընդգծել է, որ բժիշկներն ունեն հավելյալ երաշխիքների կարիք: Նա պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկել ներկայացված դիտարկումներն ու առաջարկները:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից