Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը:

Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ:

Ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` COVAX FACILTY հիմնադրամի միջոցով։ Վերջինս վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը:

Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։ Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 ԱՄՆ դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։

Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։

Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան