Կհիմնադրվի «Ռիփաբլիք պլազա» ընկերություն, որն այնուհետև կընդգրկվի մասնավորեցման ծրագրում

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, ամրացնելու, գույքի ներդրմամբ «Ռիփաբլիք պլազա» բաց բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» որոշում: «Ռիփաբլիք Պլազա» ընկերության կանոնադրական կապիտալում նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող՝ 7809,9 քառ. մետր վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը։ Որպես նոր գործիքակազմի կիրառում նախատեսվում է բարձր (առնվազն մեկ մլրդ դրամ և ավելի) արժեք ունեցող, իրացվելի և ներդրումային գրավչություն ունեցող մեկ և/կամ ավելի գույքերի ներդրմամբ ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություններ, իսկ ֆոնդային բորսայի միջոցով ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման շնորհիվ գործուն քայլեր կկատարվեն արժեթղթերի շուկայի զարգացման բնագավառում։

Նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի առաջին փուլով «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերության ստեղծումն է։ Հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում և ֆոնդային բորսայի միջոցով իրականացնել մասնավորեցման գործընթացը։ Ընդ որում, ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային (գործարար) նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է։ Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում իր տեղակայման, պատմական և մշակութային հուշարձան լինելու, ինչպես նաև շքեղ ճարտարապետության շնորհիվ, սակայն շենքի ներքին հարդարումը մեղմ ասած գտնվում է անմխիթար վիճակում և ունի կապիտալ վերանորոգման և ժամանակակից լուծումներով արդիականացնելու անհրաժեշտություն։ Այս ամենն իրականացնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը նախատեսվում է իրականացնել ոչ պետական միջոցների ներգրավմամբ։ Անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 16,913,200.0 հազ.դրամ, ինչն էլ ընկած է նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալի հիմքում։ Նախնական ժամանակահատվածում ընկերության գործունեությունը և մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուն զուգահեռ այլ աշխատանքների իրականացումը՝ նախատեսվում է ապահովել տարածքը վարձակալությամբ տրամադրելու դիմաց ստացվող վարձավճարների հաշվին։ Գործադիր մարմնի կողմից 12-ամսյա ժամկետում կներկայացվի ընկերության գործունեության եռամյա ծրագիր, որն ուղղված կլինի Ընկերության գույքի կառավարման արդյունավետության և գրավչության բարձրացմանը, իսկ կոմիտեի նախագահն ընկերության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն կներկայացնի ՀՀ կառավարություն։

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ընդունված որոշմանը և նշել, որ այն բավական երկար քննարկված հարց է. «Լավ լուրն այն է, որ մենք ինչ քննարկում ենք, դրանք ի վերջո դառնում են որոշումներ: Հիշում եք՝ մենք մի քանի անգամ քննարկել ենք այն հարցը, որ գրավիչ գույքերը դրվում են մասնավորեցման, բայց հետաքրքրություն չեն առաջանում: Մենք դեռևս ՔՈՎԻԴ-ի շրջանում քննարկել ենք այս հարցը, մտածում էինք, թե ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք անել տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով»:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից