ԿԳՄՍՆ-ն Սպարտակիադա կանցկացնի 8-12-րդ դասարանցիների, ուսումնարանների և քոլեջների սաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով մարզական-մասսայական միջոցառումներին պատանիների ներգրավումը, նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավումը, աշխատունակության բարձրացումը և առողջության ամրապնդումը, 8-12-րդ դասարանների աշակերտների, արհեստագործական պետական ուսումնարանների և քոլեջների սաների (մինչև 18 տարեկան) շրջանում անցկացնելու է «Սպարտակիադա» մրցույթը:

ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 13-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է 4 փուլով. 1-2-րդ փուլերը փետրվար-ապրիլ ամիսներին կկայանան ուսումնական հաստատություններում և համայնքներում, 3-րդ՝ մարզային փուլը՝ ապրիլին, մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում, իսկ հանրապետական փուլն անցկացվելու է մայիս, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում:

«Սպարտակիադայի» ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`

Բասկետբոլ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ)։

Վոլեյբոլ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ):

Սեղանի թենիս. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Հնգամարտ. կրոսավազք (1000 մ տղաներ, 500 մ աղջիկներ), վազք (100 մ տղաներ, 60 մ աղջիկներ), հեռացատկ տեղից, գնդակի նետում հեռավորության վրա, ձգումներ պտտաձողից (տղաներ), հենում պառկած դրությունից (աղջիկներ): Մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 5 տղա, 5 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Հրաձգություն. մրցումներն անցկացվում են օդամղիչ հրացանով 10 մետրից, 3 փորձնական և 5 հաշվարկային կրակոցներով՝ հիմք ընդունելով Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 4 տղա, 4 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Շախմատ (արագ). մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով (9 տուր): Յուրաքանչյուր խաղի տևողությունը` 10 րոպե, 5 վայրկյան հավելումով սկսած 1-ին քայլից (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Բազկամարտ (տղա, աղջիկ). մրցումներն անցկացվում են բազկամարտի գործող կանոնների համաձայն՝ աջ ձեռքով, տղաները վեց քաշային կարգերով` մինչև 50 կգ, 55 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ և +70 կգ, իսկ աղջիկները չորս քաշային կարգերով` մինչև 45 կգ, 50 կգ, 55 կգ և +55 կգ (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 6 տղա, 4 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Ֆուտզալ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Մինի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը, խաղի տևողությունը՝ 20 րոպե, 10 րոպե ընդմիջումով (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 1 ներկայացուցիչ):

Բաթմինթոն (տղա, աղջիկ). բաթմինթոնի մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Բաթմինթոնի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Լողափնյա վոլեյբոլ (տղա, աղջիկ). մրցումներն անցկացվում են միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համապատասխան (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Աթլետիկա (տղա, աղջիկ). մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 5 տղա, 5 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Շաշկի. մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով 9 տուրից, վիճակահանությամբ (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ):

Հանդբոլ (տղա, աղջիկ). մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ):

«Սպարտակիադայի» նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցույթի անցկացմանն աջակցում են Հայաստանի մարզական ֆեդերացիաները, ՀՀ մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը և Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարությունը: Կազմակերպման ու անցկացման պատասխանատվությունը, ըստ փուլերի, կրում են`

1-ին փուլում՝ ուսումնական հաստատությունները,

2-րդ փուլում՝ Հայաստանի Հանրապետության համայնքները,

3-րդ փուլում՝ ՀՀ մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարությունը,

միջմարզային և 4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումների անցկացման անմիջական պատասխանատվությունը, ըստ մարզաձևերի, կրում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մրցավարական հանձնաժողովը:

Սպարտակիադայի 4-րդ՝ հանրապետական փուլում, ըստ մարզաձևերի, 1-3-րդ տեղերը գրաված թիմերը և մարզիկները կարժանանան հավաստագրերի, մեդալների, գավաթների և հուշանվերների, իսկ ընդհանուր թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված թիմերը կստանան նաև դրամական պարգևներ:

Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մարզական մրցույթը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան