Կարմիր գրքում գրանցված դեղին ձնծաղիկի ոչնչացման կամ հավաքի համար սահմանվում է տուգանք

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է դեղին ձնծաղիկը՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա ֆիշերի անվամբ ծաղիկը։

Նախարարությունից հիշեցնում են, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։

Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25000 դրամ, իսկ 200000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

Շտերնբերգիա ֆիշերի

Կատեգորիա CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Բազմամյա սոխուկավոր բույս՝10-15 սմ բարձր.: Սոխուկները կլոր 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները՝ գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարությամբ: Ծաղիկները վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկարությամբ կոթունով: Տուփիկը՝ 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձև: Սերմը՝ սերմնաթիկնոցով:

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում:

Աճում է ստորին լեռնային գոտում, ծովի մակերևույթից 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում