Կառավարությունը «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում հատկացրեց մոտ 948 մլն դրամ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով կառավարությունը մոտ 948 մլն դրամ հատկացրեց։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի շրջանակներում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված երեք պայմանագրով 2021 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարման համար:

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը, նախարարի խոսքով, իր մեջ երկու կարևոր բաղադրիչ ունի՝ մեկը փողոցների բարեկարգումն է, մյուսը՝ էներգախնայող արտաքին լուսավորության ցանցը: Ծրագրի ընդհանուր գումարը 23.84 մլն եվրո է, ծրագրի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից:

15.4 մլն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, 6.5 մլն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: Ծրագիրը 2022 թվականին կշարունակվի:

«Ընդհանուր առմամբ նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում, դա 37 փողոց է Գյումրիում՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, նաև հարակից հատվածներում փողոցներում լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր, և մենք 2022 թ. կեսին կունենանք բոլոր այդ 26 կիլոմետրն ավարտված, ինչպես նաև երեք հրապարակները ու լուսավորության ամբողջ ցանցն անցկացված»,- նշեց Գնել Սանոսյանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում