Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մարտունու ռազմական ոստիկանության պետը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու և ընթացք չտալու հարցում պաշտոնատար անձին կաշառք տալու միջոցով օգնելու համար վերջինիս հայրը՝ Ս. Հ.-ն, դիմել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի պահեստապետ Գ. Գ.-ին: Վերջինս էլ, կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ, նշված հարցով դիմել է իր մտերիմ՝ ՀՀ ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին, ով ընդունել է կաշառքի առաջարկը:

Այնուհետև Է. Ա.-ն, իր ծառայողական և իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, զինծառայողի օգտին ապօրինի անգործություն կատարելու՝ վերջինիս մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու և ընթացք չտալու համար, պահեստապետ Գ. Գ.-ի օժանդակությամբ, զինծառայողի հորից 2023 թվականի սեպտեմբերի 12-ին բանկային փոխանցման եղանակով ստացել է խոշոր չափերի՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում իրականացված խուզարկության ժամանակ ՌՈ բաժանմունքի պաշտոնատար անձանց աշխատասենյակներում հայտնաբերվել է առանց օրինական հիմքերի պահվող զինամթերք:

26.10.2023 թ.-ին ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն, վերջինիս կաշառք տված Ս. Հ.-ն և նրան օժանդակած Գ. Գ.-ն ձերբակալվել են:

Մարտունու ՌՈ տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Գ. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Է. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանի կողմից բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան