Մակրոնը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ քննարկել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը, այնուհետև ղեկավա8ները հաnդես են եկել մամուլի ասուլիսով:

«Երկարաժամկետ կարգավորումն առաջին հերթին ենթադրում է պայքար ահաբեկչության դեմ»,- ասել է Մակրոնը, առաջարկել ընդլայնել համագործակցությունը մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ հետախուզության ոլորտում, այդ թվում՝ «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի հզորությունների հաշվին: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը խոստովանել է՝ ահաբեկչության վերացման ուղղությամբ աշխատանքը ժամանակ կպահանջի:

Նա նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավը կուղարկի Գազայի հատվածի ափեր՝ տեղի բժշկական հաստատություններին օգնություն ցուցաբերելու համար: «Նավը Տուլոնից կմեկնի առաջիկա 48 ժամվա ընթացքում»,- ասել է Մակրոնը, հիշեցրել, որ Փարիզը 10 մլն եվրոյով ավելացնում է օգնությունը պաղեստինյան տարածքների քաղաքացիական բնակչությանը, և հույս է հայտնել, որ Եգիպտոսը թույլ կտա օգտվել վերջերս բացված մարդասիրական միջանցքներից։ Մակրոնը շեշտել է, որ մարդասիրական բեռով ինքնաթիռը Եգիպտոս կժամանի վաղը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան կշարունակի կենտրոնանալ մարդասիրական հարցերի ուղղությամբ, միևնույն ժամանակ, ֆրանսիացի զինվորականները չեն մասնակցի Գազայի հատվածում ռազմական գործողություններին:

Մակրոնը նաև որոշ տվյալներ է ներկայացրել: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո զոհվել է իր երկրի 31 քաղաքացի, այժմ Գազայի հատվածում կա 54 ֆրանսիացի, որոնք պաշտպանության կարիք ունեն: Ընդհանուր առմամբ, Մակրոնի խոսքով, հակամարտության գոտում է գտնվում շուրջ 170 ֆրանսիացի:

Ասուլիսի ժամանակ Եգիպտոսի նախագահն էլ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու համար Իսրայելից տարիներ կպահանջվեն: Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի խոսքով՝ Եգիպտոսը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում ճգնաժամի տարածումը կանխելու համար: Նա դատապարտել է քաղաքացիական անձանց դեմ իրականացված բոլոր գործողությունները:

Եգիպտոսի նախագահն Իսրայելից պահանջել է հրաժարվել Գազա ցամաքային ներխուժումից և զգուշացրել նման քայլի ծանր հետևանքների մասին:

Related posts

Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը

Առերևույթ զանգվածային անկարգություններ՝ բողոքի ակցիայի ժամանակ․ կան ձերբակալվածներ

Կայծակի գերհզոր ճայթյուն. Սուրենյանը նոր լուսանկար է հրապարակել