Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին 200 մլն դոլարի վարկ կտրամադրվի. նախագիծ

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար:

Ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից` 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով:

«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ««Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Զեկուցողը տեղեկացմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին:

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի 14 կմ-ի չափով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը կհասնի մինչև 80 կմ/ժամ հաշվարկային արագության, շուրջ 40 րոպեով կկրճատվի Քաջարանից Ագարակ ճանապարհային հատվածի ժամանակը, կնվազի Մեղրու լեռնանցքի օգտագործումը, զգալիորեն կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը և այլն:

Վարկի մասհանման և սպասարկման արժույթն ԱՄՆ դոլարով է, վարկի տոկոսադրույքը  ֆիքսված է` 4% տարեկան:

Վարկի մարման ժամկետը մինչև 20 տարի է, որից արտոնյալը` մինչև 5 տարի` պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան